Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել:
112 տարի առաջ մարտի 13-ին Կարսում ծնվեց Եղիշե Չարենցը, ով կյանքի 40 տարիների ընթացքում պիտի մեկընդմիշտ հաստատեր իր պատվավոր տեղը 20-րդ դարի հայ գրականության էջերում: Նրա գրական ժառանգությունը շարունակվում է ուսումնասիրվել ու նոր վերլուծությունների հիմք դառնալ: Միայն վերջին տարիներին լայն հանրության համար մատչելի դարձան Չարենցի անտիպները, որոնք երկար ժամանակ պահվում էին մասնավոր հավաքածուում, և լայն հնարությանը ներկայանալուց հետո դարձան շատ լուրջ քննարկումների առարկա:
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան կապակցությամբ մի շարք միջոցառումներով հանդես կգան գրողների միությունն ու նրա տուն-թանգարանը, կկայանա ավանդական գրական հանդիպումը Երևանում Չարենցի հուշարձանի մոտ:
Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է 1897թ-ին Կարսում, ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Հայրենիքս է Խանի Մակուն», «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»: 1914թ-ին լույս տեսած նրա «Երեք երգ տխրադալուկ աղջկան» անդրանիկ ժողովածուի վրա արդեն գրված էր Չարենց գրական անունը: Ինքը Մահարուն հետագայում պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Մեկ այլ բացատրությամբ` Չարենց անունն առաջացել է Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:
Եղիշե Չարենցը մահացել է 1937թ-ին Երևանի բանտի հիվանդանոցում:










