Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է. Ամբոխները խելագարված...

11:41 • 13.03.09

«...» Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
Արևը, բորբ՝ մայր էր մտնում արևմուտքում:
Դաշտի վրա փռվել էր մուժ արյունամած՝
Թույն էր կարծես՝ բորբ արևի սրտից քամած:
Արևը, թեժ՝ մայր էր մտնում արևմուտքում -
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում:
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա -
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա:
Ու արտերը, ալեծածան, վառվել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային:-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած՝
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ:
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի -
Ծով էր կարծես՝ մշուշի մեջ իրիկունի...

«...» Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառվեց արեւը բորբ, որպես կռվի ազդանշան,
Երբ բռնկվեց արևելքում արևը՝ նոր լույսով վառված -
Դո՜ւրս նետվեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դեմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առավոտի մարմանդ միգում,
Կրկեսի պես մի վիթխարի, խայտաբղետ, խայտանկար -
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արևավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արև՜ն էին գնում ամբոխները խելագարված...