Թուրքական ֆիլմերի առաջին փառատոնը ժամանակակից Թուրքիայի հետ յուրահատուկ կամուրջ է

17:00 • 13.03.09

Ուրբաթ Երևանում բացվել է թուրքական ֆիլմերի առաջին փառատոնը, որը կոչվում է «23,5»։ Փառատոնի ծրագրի մեջ ընդգրկվել են թուրք ռեժիսորների 7 կինոնկարներ, այդ թվում նաև՝ վավերագրական, խաղարկային և մեկ անիմացիոն։ Թուրքական ֆիլմերի առաջին ականատեսներն են եղել Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները։

Նախատեսված էր, որ ֆիլմերի առաջին ցուցադրությունը կկայանար Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, սակայն բացումից կես ժամ առաջ տեխնիկական պատճառներով անջատել են հոսանքը։ Այնուհետև առաջին հանդիսատեսը ստիպված էր գնալ կինոկենտրոնի շենք։ Փառատոնի բացումից առաջ Tert.am-ի թղթակիցը զրուցել է Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագծերի համակարգող Լուիզա Պողոսյանի հետ։

«Փառատոնի անվանումը խորհրդանշական է։ Այսպես է կոչվում Հրանտ Դինքի հոդվածներից մեկը»,- նշել է նա՝ բացատրելով փառատոնի անվանումը։

Ըստ համակարգողի՝ փառատոնի լեյտմոտիվ է դարձել Հրանտ Դինքի քաղաք Ստամբուլը։ Խոսելով այն թեմաների շուրջ, որոնք իրենց արտացոլումն են գտել ֆիլմերում, Պողոսյանը հավելել է, որ դրանք տարբեր են։ Մասնավորապես, թուրք ռեժիսորները բարձրացրել են իրենց երկրի հասարակական խնդիրները, ծայրամասերում ապրելու դժվարությունները, Ստամբուլի երիտասարդության խնդիրները, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանումը։

Համակարգողը նաև ներկայացրել է փառատոնի նախապատմությունը։ Այսպիսով, դեռևս 2007թ. Խաղաղապահ նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի աշխատակիցները հյուրերի կարգավիճակով հրավիրվել էին Կարս՝ ներկա գտնվելու եվրոպական ֆիլմերի փառատոնին։

Փառատոնին առանձին ծրագրով ներկայացվել են թուրքական ֆիլմեր։ «Այդ ժամանակ մեզ մոտ գաղափար ծագեց ընտրել ֆիլմեր, որոնք ստեղծվել են Թուրքիայում, հայ հանդիսատեսի համար և կամուրջ ստեղծել ժամանակակից Թուրքիայի հետ»,- հավելել է նա։

Ըստ Պողոսյանի՝ ընտրությունը կանգնել է ուսանողական աշխատանքների վրա, իսկ նպատակը ցույց տալ հայ հասակակիցներին թուրք երիտասարդության մտածելակերպը։

Կինոնկարների ընտրությունից հետո ձեռք են բերվել Հայաստանում ֆիլմերի ցուցադրության իրավունքներ։ Հավելենք, որ փառատոնի շրջանակներում նախատեսվում է հանձնել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։

Հավելենք, որ թուրքական ֆիլմերի ցուցադրումները տեղի կունենան մարտի 19-21-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Համակարգողը նաև տեղեկացրել է, որ համանման փառատոնը՝ արդեն հայկական ֆիլմերի ցուցադրությամբ, տեղի կունենա Թուրքիայում 2009թ. աշնանը։