Սարյանի դեկորացիաներն «Ալմաստ» օպերայի համար պահանջարկ չեն վայելում
Մայիսի 16-ին Հայաստանում հինգերորդ անգամ տեղի կունենա «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիան։ Այդ օրը բոլոր հայկական թանգարանները կբացեն իրենց դռները բոլոր այցելուների առջև, որոնց հնարավորություն կընձեռվի ծանոթանալ թանգարանների մշտական ցուցադրություններին և հատուկ ծրագրերին ժամը 18։00-ից մինչև 01։00-ը։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ծրագիրը Tert.am-ի լրագրողին ներկայացրեց թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը։
«Ծրագրի ամենասպասված մասն է լինելու Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ձևավորումը Սարյանի կողմից։ Այս տարի նշվում է Հովհաննես Թումանյանի 140-ամյակը, նորացվում է օպերային թատրոնում «Ալմաստ» օպերայի բեմադրությունը»,- նշել է նա։
«Ալմաստ» օպերան իրականություն է դարձել հայ ժողովրդի երեք հանճարների ջանքերի շնորհիվ՝ Թումանյանի (օպերան բեմադրվել է «Թմբկաբերդի առում» ստեղծագործության հիման վրա), Սպենդիարյանի և Սարյանի։
Թանգարանի տնօրենը հավելել է, որ այցելուներին ցուցադրվելու է Սարյանի դեկորացիաների սլայդ շոուն և դրանց ստեղծման պատմությունը։
«Դեռևս 1916թ. երեք այդ հանճարները հանդիպեցին և որոշեցին ստեղծել այդ օպերան։ Ցավոք, ստեղծողներից մեկի աշխատանքը պահանջարկ չի վայելում։ Սարյանի դեկորացիաները և ձևավորումները պատկերասրահի արխիվներում են, չեն օգտագործվում օպերայի համար։ Այդ գեղեկցությունը մենք չենք տեսնի բեմի վրա»,- բացատրել է Ռուզաննա Սարյանը։
Նա նշել է, որ նման ակցիան հարմար առիթ է այդ մասին հայտարարելու համար։ «Թանգարային գիշեր» միջոցառման շրջանակներում Սարյանի թանգարանում կհնչեն «Ալմաստից» մերերգեր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական ազգային թատրոնի մեներգիչների՝ Քրիստինե Սահակյանի և Սուրեն Մանուկյանի կատարմամբ։
Բացի այդ, միջազգային ակցիայի շրջանակներում այցելուներին ներկայացվելու են Սարյանի մասին պատմող վավերագրական կինոնկարներ։
Հավելենք, որ «Թանգարային գիշերն» անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ և Թանգարանների միջազգային խորհրդի աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ երկրները։ Նշենք, որ առաջին անգամ «Թանգարանային գիշերը» անցկացվել է Հայաստանում 2005թ.։










