19-20-րդ դարերի հայ կերպարվեստի պատմությունն ամփոփվել է նոր գրքում

17:17 • 14.05.09

Կայացավ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել պետական պատվերի շրջանակում: Հեղինակն իր գիրքը հասցեագրել է արվեստաբաններին, մշակութաբաններին, ուսանողներին ու ողջ արվեստասեր հանրությանը` ամփոփելով 19-20-րդ դարերի հայ արվեստի պատմությունը, որը մինչև այժմ տեղ է գտել միայն առանձին մենագրությունների, մասնակի և վաղուց արդեն հնացած ուսումնասիրությունների էջերում:

Արվեստաբան Արարատ Աղասյանն իր գրքում ներառել է հայ կերպարվեստի տարբեր բնագավառներ` գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, բեմանկարչություն, ուսումնասիրել է Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի տարբեր թանգարաններում ու դրանց արխիվներում պահվող հայ նկարիչների ստեղծագործությունները, կատալոգները, մամուլում հրապարակված հոդվածները, հատուկ ուշադրություն է դարձրել այդ շրջանի արևելահայ և արևմտահայ կերպարվեստի միջև եղած ընդհանրություններին ու տարբերություններին: Աշխատության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել հայերեն լեզվով արվեստաբանական մի շարք տերմիններ և հասկացություններ:

Հայ կերպարվեստի նոր շրջանն ամփոփող գրքի շնորհանդեսը կայացավ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում արվեստի և մշակույթի մի շարք գործիչների, ինչպես նաև քաղաքապետ Գագիկ Բելգարյանի ներկայությամբ: