Մայիսի 16-ին Հայաստանը կմիանա մշակութային Եվրոպայի «Թանգարանային գիշերվան»

17:57 • 15.05.09

Մայիսի 16-ին Հայաստանի տասյակ թանգարաններ արդեն 5-րդ անգամ կմիանան Եվրոպայի մի շարք երկրներում ավանդույթ դարձած թանգարանային գիշերվան, որի շրջանակներում մայրաքաղաքի 17 և մարզերի 6 թանգարանները կբացեն իրենց դռները բոլոր ցանկացողների համար` հանդես գալով հատուկ ծրագրերով մինչև ուշ գիշեր:

Օրինակ Մ. Սարյանի տուն-թանգարանը կներկայացնի Սարյանին որպես բեմանկարիչ` ցուցադրելով «Ալմաստ» օպերայի 1939թ-ի սարյանական ձևավորման էսքիզները, նաև հեղինակի մի շարք աշխատանքներ, որոնք պահվում են Մոսկվայի Տրետյակովյան և Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարաններում: Իսկ Ե. Քոչարի թանգարանը հանդես կգա «Մելանխոլիա» մեկ քանդակի և «Սասունցի Դավիթ» ֆիլմի ցուցադրությամբ:

Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը հավատացնում է, որ 5 տարիների ընթացքում «Թանգարանային գիշեր» նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը միայն աճել է: Այս տարվա համար նախարարությունը դիմել է քաղաքապետարան`խնդրելով երկարաձգել մետրոյի և քաղաքային տրանսպորտի աշխատանքը:

“Թանգարանային գիշեր” նախագիծը սկիզբ է առել 1999թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով` հասարակության համար անվճար «բաց դռների» օր հիմնելու: Այսօր արդեն նախագիծն իրականանում է աշխարհի 40 երկրներում: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ է միացել «Թանգարանային գիշեր» նախագծին և մայիսի 16-ին հասարակության առջև կբացի փարիզյան իր նստավայրի դռները` ցուցադրելու 50 տարիների ընթացքում ձեռքբերված արվեստի նմուշների սեփական հավաքածուն: Եվրոպայի խորհուրդը նույնպես իր 60 ամյակի առթիվ կբացի Ստրասբուրգում գտնվող «Եվրոպայի պալատի» դռները, որտեղ կցուցադրվեն 60 տարիների ընթացքում անդամ երկրների կողմից Եվրոպայի խորհրդին որպես նվիրատվություն մատուցած արվեստի նմուշները: