Օրհան Փամուկին ևս մեկ անգամ ցանկանում են դատել «հակաթուրքական» և «հայամետ» հայտարարությունների համար
Դեռևս մի քանի տարի առաջ Շվեյցարիայում տված հարցազրույցում թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկն ասել էր, որ «30 000 քուրդ և մեկ միլիոն հայ են սպանվել այս հողի վրա»։ Դրանից հետո գրողը պարբերաբար խնդիրներ է ունեցել իր հայրենիքում։
Մասնավորապես, նա ստիպված է եղել կանգնել դատարանի առջև՝ մեղադրվելով 301 հոդվածով։ Հիշեցնենք, որ այս հոդվածով մեղադրվում են «թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու» համար: Թուրքիայի արդարատադության նախարարությունը, սակայն, կասեցրել էր դատավարության ընթացքը:
Չնայած քրեական գործը փակվել է, Փամուկից, այնուամենայնիվ, շարունակում են փոխհատուցում պահանջել:
Ստամբուլի նահատակների մայրերին աջակցության միության նախագահ Փակիզ Ալփ Ակբաբան, իրավաբան Քեմալ Քերինչիզը, ով այժմ անցնում է «Էրգենեկոնի» գործով, և 4 այլ անձինք 36 000 թուրքական լիրա փոխհատուցում են պահանջում Փամուկից:
Շիշլիի առաջին ատյանի քաղաքացիական դատարանն արդեն իսկ երկու անգամ մերժել է փոխհատուցման հայցերը:
Համաձայն թուրքական «Ռադիկալ» թերթի` Շիշլիի դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ ոչ ոք չի կարող փոխհատուցում պահանջել «անձի իրավունքների խախտման համար» միայն այն պատճառով, որ հանդիսանում թուրք ազգի ներկայացուցիչ:
Սակայն հայցվորներն այսքանով չէին բավարարվել, նրանք բողոքարկել են վճիռը Բողոքարկման գերագույն դատարանում, և դատարանի 4-րդ պալատը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ հայցվորներն իրավունք ունեն նման հայց ներկայացնել։
Երբ Շիշլիի դատարանը երկրորդ անգամ մերժեց փոխհատուցման հայցը, գործն ուղարկվեց Բողոքարկման գերագույն դատարանի գլխավոր պալատ, որը դատարանի որոշումը չընդունեց և ևս մեկ անգամ հետ ուղարկեց վերանայման:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք Շիշլիի դատարանը երրորդ անգամ կընդդիմանա Գերագույն դատարանին, թե` ոչ:










