Մեկնարկեց «Մեկ կադր – Մեկ րոպե» 7-րդ փառատոնը

22:53 • 18.05.09

Այսօր ՆՓԱԿ-ի դահլիճներից մեկում մեկնարկեց  հերթական, թվով 7-րդ «Մեկ կադր, մեկ րոպե» միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք նկարահանված են մեկ կադրում։

Կազմակերպիչների ու ժյուրիի անդամների կարծիքով, նմանատիպ կարճամետրաժ ֆիլմերն են դարձել հանդիսատես գրավելու հիմնական միջոցը, քանի որ մեդիա (աուդիո–վիզուալ) արտադրանքի հասանելիությունը Ինտերնետում և նույնիսկ բջջային հեռախոսների մասշտաբներում այսօր ստիպում են սպառողներին ուշադրությունը հառել կարճ ու արագ կինոներին. «Մեկ կամ մեկուկես ժամանոց ֆիլմերը հեռախոսի ֆորմատով դիտելը անտրամաբանական է թվում», – խոստովանեց ժյուրիի անդամ Արա Շիրինյանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ պաշտոնական տեղեկատվության մերօրյա պայմաններում, երբ այն լիովին վարկաբեկել է իրեն՝ խաբեության ու ապատեղեկատվության մթնոլորտում, ինչպես նաև իրականությունը խեղաթյուրելու պայմաններում, նման ֆիլմերը կարող են տեղեկատվության լավ աղբյուր դառնալ։

Ֆիլմերի ցուցադրումից առաջ խոսք ասաց նաև «Սինեմարտ» հանդեսի ներկայացուցիչ Զավեն Բոյաջյանը։ Երկու մասից բաղկացած փառատոնի /մրցույթային և արտամրցույթային/ բոլոր գործերը արժանի են ուշադրության և անպայման չէ, որ առաջին տեղը գրաված կամ մրցանակ շահած ֆիլմը լինի լավագույնը. ըստ նրա՝ ժյուրին էլ կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել, քանի որ այն նույնպես բաղկացած է մարդկանցից, ովքեր կարող են սուբյեկտիվ կարծիք ունենալ։

Փառատոնը կավարտվի մայիսի 24-ին։ Նույն օրն էլ կկայանա մրցանակաբաշխությունը։