15 տարի Մոսկվայում և առաջին անգամ Երևանում. կկայանան մոսկովյան Փարաջանովի թատրոնի հյուրախաղերը
Այս օրերին Երևանում է Մոսկվայում գործող Փարաջանովի թատրոնի անձնակազմը, ովքեր առաջին անգամ լինելով մեծ արվեստագետի հայրենիքում, պատրասվում են հանդես գալ «Վրեժ կլուծեմ սիրով» ներկայացման պրեմիերայով: Թատրոնի համար տարին կրկնակի հոբելյանական է, նշում են հիմնադրման 15 և Փարաջոնովի 85-ամյակները: Երևանյան հյուրախաղերը հոբելյանական նախաձեռնությունների շարքում են, որ իրականանում են Երևանի քաղաքապետարանի հրավերով:
Մոսկվայի Փարաջանովի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վլադիմիր Գաբբեն է, ով նաև ներկայացումների բեմադրիչ ռեժիսորն է: Նա բացատրեց, որ երբեք չեն փորձում անդրադառնալ Փարաջանովի ավարտուն գործերին, փոխարենը կենդանացնում են նրա անավարտ սցենարներն ու փորձում իրենք ստեղծել պատմություններ` հիմնելով փարաջանովյան գեղագիտության վրա, պտտվելով նրա արվեստի շուրջը:
Մոսկվայի փարաջանովյան թատրոնում աշխատում են և հայ, և ռուս դերասաններ, թատրոնը գոյատևում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և հովանավորների աջակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատմեց, որ իրենք ունեն իրենց հանդիսատեսը, խաղացանկում` 15 ներկայացում, իսկ թատրոնին կից գործող մշակութային կենտրոնում պարբերաբար անցկացնում են միջոցառումներ, այնտեղ գործում է Վարպետին նվիրված մշտական ցուցադրություն:
Սեպտեմբերին Մոսկվայում Փարաջանովին նվիրված հոբելյական փառատոն կանցկացնեն` այն դարձնելով տոն արվեստասերների համար: Իսկ մինչ այդ` հուլիսին, հոբելյանական միջոցառումներ կանցկացնեն Հայաստանում` համագործակցելով Երևանում գործող Փարաջանովի տուն-թանգարանի հետ:










