«Վրեժխնդրություն սիրով» կամ երկխոսություն Փարաջանովի արվեստի հետ

15:09 • 18.05.09

Մայիսի 22-ին Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում հանդես կգա արդեն 15 տարի շարունակ Մոսկվայում գործող Փարաջանովի թատրոնը` «Վրեժ կլուծեմ սիրով» ներկայացմամբ, բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար հայազգի Վլադիմիր Գաբբեն է, գլխավոր դերերից մեկում էլ հանդես է գալիս նրա կինը` Լուիզա Գաբբեն: Երևանում պրեմիերան տոնելուց հետո բեմադրությունը խաղացանկային կդառնա մոսկովյան Փարաջանովի թատրոնում:

«Վրեժ կլուծեմ սիրով» ներկայացման հիմքում Փարաջանովի վերջին կինոսցենարն է` “Խոստովանանք”ը, որի նկարահանումները ռեժիսորը չհասցրեց ավարտին հասցնել: Ինչպես ներկայացրեց բեմադրության հեղինակը, սա յուրօրինակ երկխոսություն է երազներում իր նախնիների հոգիները փնտրող Փարաջանովի և դահլիճում ներկա գտնվողների սեփական երազների միջև: Բեմադրության կիզակետը դերասանուհու կողմից միստիկ լռության հաստատումն է, որն էլ պիտի ճանապարհ հարթի դեպի հանդիսատեսի ներքին աշխարհ: