Կյանքից հեռացել է նշանավոր դերասան Օլեգ Յանկովսկին
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ռուսաստանցի դերասան Օլեգ Յանկովսկին։ Այդ մասին հաղորդում է Вести հեռուստաալիքը։ Նշանավոր դերասանը 66 տարեկան էր։
Երկար ժամանակ Օլեգ Յանկովսկին տառապել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
Օլեգ Յանկովսկին ամենախորհրդավոր ռուս դերասաններից էր, ով մուտք է գործել պատմության մեջ որպես իր սերնդակիցների ամենավառ կերպար։ Նա հանրաճանաչ է դարձել խորհրդային ժամանակաշրջանում, երբ մեծ ճանաչում է ձեռք բերել Մարկ Զախարովի ֆիլմերում մարմնավորած մի շարք դերերից հետո։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է Յանկովսկու հակասական կերպարը՝ մերթ բանական, մերթ զգացմունքային, մերթ խելացի, մերթ էլ փլեյբոյ դերասանի կերպարը։
Յանկովսկու ընկերներից ռեժիսոր Ռոման Բալայանը կարծում է, որ նա մինչ այժմ կինոյի ամենահետաքրքիր դեմքերից է։
«Նրա կերպարը «աշխատում է» ցանկացած տարիքում, ցանկացած ժամանակաշրջանում և երկրում։ Նրա կերպարում չկա միանշանակություն։ Իսկ Յանկովսկու հայացքը, ես համոզված եմ, ծայրահեղությունից ծայրահեղություն է արտացոլում՝ սրիկայից մինչև սուրբ»,- նման կարծիք է հայտնել մեծանուն դերասանի մասին Ռոման Բալայանը։










