Հայաստանում է Jethro Tull- խումբը
«Երբ առաջին անգամ ենք այցելում մի երկիր, փորձում ենք ընտրել ծրագիր, որն առավել ամբողջական կներկայացնի մեր երաժշտական գործունեությունը», - բացատրում է Jethro Tull-ի մենակատար Յան Անդերսոնը, ով իր խմբի հետ միասին առաջին անգամ է Հայաստանում: Այցի համար շատ ուրախ է, քանի որ կարծում է` իր հայրենիք Մեծ Բրիտանիայից համերգներով հաճախ չեն գալիս Հայաստան, հետևաբար իրենք արտոնյալ են զգում իրենց: Վաղը նրանք համերգով հանդես կգան մարզահամերգային համալիրում:
4 տասնամյակների գործունեության և 100-ավոր համերգներից ու շրջագայություններից հետո կարող են ասել, որ իրենց ստեղծած երաժշտությունը հասնում է մարդկանց սրտերին, շարունակում է գրավել նորանոր երկրպագուների ու փոխանցվել սերունդներին, քանի որ իրենք ավելի բազմազան գործեր ունեն, քան շատ այլ խմբեր. իրենք կատարում են մի երաժշտություն, որը կարելի է բնորոշել որպես ռոք, ջազ, հաճախ են անդրադառնում արևելաեվրոպական երաժշտությանը: Նույնիսկ ուրախ են, որ ոչ թե շատերի նման ունեն շատ մեծ հաջողություն կոնկրետ ուղղության մեջ, այլ իրենց բազմազանությամբ գերում են մարդկանց որոշակի խմբերի աշխարհի տարբեր անկյուններում:
Նոր սերնդի երաժիշտների վրա իրենց ազդեցությունը զգում են, հիմնականում Մեծ Բրիտանիայում ստեղծագործող ֆոլք երաժշտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում:
Jethro Tull խումբը ձևավորվել է 1968թ-ին Լոնդոնում` խմբի մենակատար Յան Անդերսոնի գլխավորությամբ: 70-ականների կեսերին նրանք արդեն աշխարհի տարբեր բեմերում իրենց կենդանի համերգներով ու մասսայականությամբ չէին զիջում անգամ Led Zeppelin-ին և Rolling Stones-ին: Գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմ, վաճառել դրանց ավելի քան 50 մլն օրինակ, և մինչև օրս տարեկան հանդես է գալիս մոտ 100 համերգներով:










