Ի պատիվ Մենդելսոնի 200-ամյակի
Շարունակվում է «Ազգային պատկերասրահ» 5-րդ երաժշտական փառատոնը, որի շրջանակներում մայիսի 22-ին հատուկ համերգ կնվիրվի ռոմանտիզմի դարաշրջանի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկին` Մենդելսոնին: Համերգին կմասնակցեն Արամ Խաչատրյանի անվան տրիոն և հայտնի ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովը:
Արամ Խաչատրյանի անվան տրիոն ձևավորվել է 1999թ-ին` «Արսիկա» անունով, իսկ հայ մեծանուն կոմպոզիտորի անունը սկսել է կրել 2008թ-ից: Տրիոյի կազմում հանդես են գալիս Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը`ջութակ, և Կարեն Քոչարյանը` թավջութակ:
Գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը ծնվել է 1809թ-ին Համբուրգում: Իր կարճատև կյանքի` 38 տարիների ընթացքում հասցրել է հեղինակել բազում ստեղծագործություններ` սիմֆոնիաներ, կոնցերտներ, օրատորիաներ: Մենդելսոնի երբևէ ամենահայտնի գործը «Հարսանեկան քայլերգ»-ն է, որը գրվել է պրուսական թագավորի պատվերով` որպես շեքսպիրյան ներկայացումներից մեկի մաս, իսկ առաջին հարսանիքը, որի ժամանակ այն հնչել է, Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհու դստեր` արքայադուստր Վիկտորիայինն էր 1858թ-ին:










