ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին 85-ամյակի առթիվ

10:51 • 22.05.09

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին 85-ամյակի առթիվ։ Հ.Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Ազնավուր,
Սիրելի շանսոնյե,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի առթիվ։

Ձեր կյանքն ու ստեղծագործությունը վառ օրինակ են բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ոտք դնել երգի ու երաժշտության, բեմարվեստի ու կինոյի ասպարեզ։ Ձեր եզակի բանաստեղծական տաղանդը խոր իմաստ և շունչ են հաղորդել Ձեր մեղեդիներին։

Լինելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների ազնիվ զավակ` Դուք փոխադարձ վստահության կամուրջ եք գցել մեր երկու երկրների միջև։ Ձեր համաշխարհային հռչակը նաև Հայաստանինն է, քանզի ամենուր Դուք միշտ հպարտությամբ խոսել եք Ձեր հայ լինելու մասին։ Միևնույն ժամանակ, Ձեր տաղանդն ու ստեղծագործությունը պարփակված չեն որևէ երկրի սահմաններով և հասու են ամբողջ աշխարհի Ձեր բոլոր երկրպագուներին։

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր հոբելյանի օրը և մաղթում եմ առողջություն, ուժ ու կորով, երջանկություն ու նորանոր հաջողություններ»։