Շառլ Ազնավուրը դարձավ 85 տարեկան. հոբելյանը նա տոնում է հայրենիքում
85 տարի առաջ մայիսի 22-ին Փարիզում ծնվեց Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ով տարիներ անց պիտի դառնար ամենահայտնի հայազգի ֆրանսիացին: Շուրջ 800 երգերի հեղինակ շանսոնյեն ոչ միայն իր ձայնով ու կատարողականությամբ է գերել բազմազգ հանդիսատեսին, այլ հանդես է եկել նաև որպես տաղանդավոր դերասան ավելի քան 60 ֆիլմերում: Ազնավուրը նաև բանաստեղծությունների ու մենագրությունների հեղինակ է, իսկ այս տարվանից արդեն` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում:
Երևանում` կասկադի հարևանությամբ, շարունակվում է Ազնավուրի տուն-թանգարանի շինարարությունը, իսկ մինչ այդ շանսոնյեն նորից հայրենիքում է` այս անգամ 85-ամյա հոբելյանը նշելու: Այդ առթիվ այսօր Գյումրիում կկայանա Սեդա Ազնավուրի և ֆրանսահայ երգչուհի Լիզ Սարյանի «Քեզ համար, Հայաստան» համերգաշարի ամփոփիչ համերգը:










