Նարեկացու գիրքը շարունակում է բուժել մարդկանց

15:58 • 22.05.09

Հոգեթերապևտ, հոգեբան Արմեն Ներսիսյանն արդեն 15 տարի ուսումնասիրում է միջնադարյան հայ փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը:

Նա հատուկ դասընթաց է մշակել, որում օգտագործում է Նարեկացու աղոթքները: Նարեկաբուժությունը հայտնի է եղել և կիրառվել է դեռևս նախորդ դարերում: Այսպես, մեր նախնիները Նարեկացու գիրքը դնում էին իրենց բարձի տակ: Նրանք հավատում էին, որ գիրքն ունի բուժիչ հատկություն:

«Եկել է Նարեկացու գիրքը բարձի տակից հանելու, ուշադիր կարդալու և ուսումնասիրելու ժամանակը»,- հայտարարել է Ներսիսյանը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ այն ժամանակաշրջանում Նարեկացու գիրքը մարդկանց օգնել է` նույնիսկ մնալով բարձի տակ, քանի որ մարդկանց մոտ հավատն ավելի ուժեղ է եղել:

Ներսիսյանն ավելացրել է, որ գրքի ընթերցումն արդյունք չի տալիս, քանի որ այն գրված է հին հայերենով և մեծամասամբ անհասկանալի է մարդկանց համար: Իսկ աշխատության ձայնագրությունն իրենից ներկայացնում է «Մատյան ողբերգության» գրքի առաջին թարգմանությունն արդեն ժամանակակից հայերեն լեզվով:

Հոգեթերապևտի խոսքերով` իրեն դիմել են հոգեկան և ֆիզիկական տարբեր հիվանդություններով մարդիկ:

Մամուլի ասուլիսի ընթացքում բժիշկը ներկայացրել է հիվանդների բառերը, ովքեր կիսվել են իրենց հույզերով և զգացողություններով, որոնք ունեցել են Նարեկացի լսելիս:

70-ամյա մի կին, ով կորցրել էր հիշողությունը, մի քանի սեանսից հետո սկսել է ներողություն խնդրել այն մարդկանցից, ում նա նախկինում անիծում էր: Այսպիսով, մասնագետի խոսքերով, նրա հիշողությունը մասնակիորեն վերականգնվել է:

Ներսիսյանը բերել է նաև ֆիզիկական բնույթի հիվանդության օրինակ: 60-ամյա մի կին, ում մոտ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք, սկսել է իրեն ավելի լավ զգալ: Նրա խոսքերով` ցավը թուլացել է:

Հոգեթերապևտը տեղեկացրել է նաև, որ փորձի համար Նարեկացու աշխատության ձայնագրությունը տրամադրվել է նաև այլ ազգության և հավատի մարդկանց: Նրա խոսքերով` արդյունքն ակնհայտ է եղել: Նույնիսկ չհասկանալով լեզուն` այս մարդիկ սկսել են ավելի լավ զգալ:

Ներսիսյանի խոսքերով` այս հարցում հիվանդության տեսակը դեր չի խաղում: Կարևոր է, որպեսզի տվյալ մարդը վերանայի իր հավատը և հաղթահարի կատարսիսը: «Գիրքը վերանայում և խորացնում է մարդու հավատը»,- նշել է նա:

Ներսիսյանը պատասխանել է նաև Tert.am-ի հարցին այն մասին, թե կարող է մարդն ինքն իր վրա արգելք դնել և չընդունել ստացվող տեղեկատվությունը:

«Նման բան չի կարող լինել, քանի որ դրանք Աստծո խոսքերն են»,- ասել է նա` չբացառելով, որ մարդ կարող է միայն դրանք «մի կողմ» դնել, քանի որ կարող է չհասկանալ, թե ինչ է իր հետ տեղի ունենում:

Բացի այդ նա նշել է, որ նման բուժումն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ, ինչպես հավատքում, մարդ միշտ էլ ընտրության հնարավորություն է ունենում: