Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

16:18 • 22.05.09

Ծննդյան 85-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ Շառլ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին՝ Ձեր նախնիների հայրենիքում։ Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր։
Տասնամյակներ շարունակ Ձեր մասին հնչել են և շարունակում են հնչել գովեստի խոսքեր, Ձեր բացառիկ ստեղծագործություններն ուղեկցվում են հիացմունքի ծափերով։ Դժվար է նոր խոսք ասել կամ նոր գնահատական տալ։ Ակնհայտ է, որ Ձեր երաժշտությունը, երգը և ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում։
Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաև մեր երկրի արտաքին քաղաքական շահերին՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։ Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով և ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային։
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ. եռանդ, որը Դուք ողջ կյանքում ծառայեցրել եք բարուն, գեղեցիկին ու Ձեր երկու հայրենիքներին՝ Ֆրանսիային եւ Հայաստանին»։