Բուլղարական մշակույթի տարի Հայաստանում
Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը Երևանում և մի քանի այլ քաղաքներում կկայանա մշակութային նախագիծ` բուլղարական ազգագրական և դասական արվեստի հանրահայտ խմբերի մասնակցությամբ:
Երևանում`Ճարտարապետների տանը, կբացվի «Բուլղարիայի վանքերը և սրբավայրերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես: Մայրաքաղաքում ելույթներով հանդես կգան բուլղարական «Արաբեսկ» բալետային խումբը և «Սոֆիայի մենակատարներ» կամերային նվագախումբը: Վերջիններս հանդես կգան նաև Դիլիջանում և Գյումրիում, իսկ «Բիստրիցայի տատիկները» ազգագրական համույթը և «Նայդեն Կիրով» ազգագրական պարի թատրոնը ելույթ կունենան Վանաձորում ու Արմավիրում:
Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա միջոցառումներն իրականանում են 2 երկրների մշակույթի նախարարությունների համագործակցությամբ:










