2009-ի «Ոսկե արմավենին» Մայքլ Հանեկեինն է
«Արվեստի խնդիրն է ոչ թե պատասխաններ տալ, այլ հարցեր առաջ քաշել», - Կաննում մամլո ասուլիսի ժամանակ ասել է այս տարի հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակին` Ոսկե արմավենուն արժանացած ավստրիացի ռեժիսոր Մայքլ Հանեկեն: Ու թեև Կաննի շուրջ տասնօրյա ցուցադրությունների շարքում կինոքննադատները բացահայտ ֆավորիտ չէին առանձնացնում, այդուհանդերձ, Հանեկեի «Սպիտակ ժապավեն»-ը /The White Ribbon/ որակվել էր որպես «կինեմատոգրաֆի գլուխգործոց»:
Ֆիլմը պատմություն է հյուսիսային Գերմանիայի բողոքական մի գյուղի կյանքից, որի անկենդան առօրյան Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում տեղաշարժվում է տարօրինակ իրադարձություններով:
«Սպիտակ ժապավեն»-ի ռեժիսոր և սցենարի հեղինակ Մայքլ Հանեկեն այս տարի Կաննի կինոփառատոնին մասնակցում էր արդեն 9-րդ անգամ, որից 6-ը` գլխավոր մրցույթում: 2001թ-ին Հանեկեի «Դաշնակահարն» արժանացել էր Կաննի Գրան Պրիի, իսկ 2005-ին նա լավագույն ռեժիսոր էր ճանաչվել «Թաքնված» ժապավենի համար:










