Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ»-ը հանդես կգան Երևանում
«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 6-ին Երևանում կկայանա հերթական բացառիկ համերգը` այս անգամ աշխարհահռչակ ալտահար ու դիրիժոր Յուրի Բաշմետի և նրա «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգային ծրագրում կհնչեն Բախ, Չայկովսկի, Գրիգ:
Յուրի Բաշմետի ալտը պատրաստված է 1758թ-ին իտալացի վարպետ Պաոլո Տեստորեի կողմից: Նա մի շարք հեղինակավոր մրցանակների ու կոչումների դափնեկիր է, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նվագել է աշխարհի ամենանշանավոր նվագախմբերի հետ ամենահայտնի դահլիճներում, հիմա էլ մասնակցում է մի քանի երկրներում անցկացվող երաժշտական փառատոների և մրցույթների կազմակերպմանը:
Յուրի Բաշմետը Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Հենց այս հաստատության շրջանավարտներից ու ասպիրանտներից էլ 1992թ-ին ձևավորել է իր կամերային նվագախումբը, որ կրում է «Մոսկվայի մենակատարներ» անունը:










