Անդրեա Բոչելին 320 հազ եվրո է հավաքել Իտալիայի համար

16:01 • 26.05.09

Հայտնի իտալացի տենոր Անդրեա Բոչելին իր բարեգործական համերգի շնորհիվ հավաքել է 320 հազ. եվրո, որը հատկացվելու է Իտալիայում երկրաշարժի հետևանքով առավել տուժած շրջանները վերականգնելու համար: Բարեգործական համերգն անցկացվել է երկուշաբթի երեկոյան Հռոմի գլխավոր տեսարժան վայրում` Կոլիզեում: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Համերգին ներկա է եղել մոտավորապես 380 մարդ։ Աշխարհահռչակ տենորը Աբրուցոյի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարել է հայտնի օպերաներից արիաներ, ժողովրդական ռոմանսներ և եկեղեցական երգեր:

Համերգին ներկա է գտնվել նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, ով իր երախտագիտությունը հայտնեց երգչին նման նախաձեռնության համար։