Կոմիտաս 140. հոբելյանի առթիվ նրա խմբերգերը կհնչեն Երևանում ու մարզերում

14:27 • 27.05.09

«Մենք պետք է դադարենք Կոմիտասին ընկալել զուտ որպես սիմվոլ, այլ որպես սիրելի կոմպոզիտոր ու փորձենք ավելի լավ ճանաչել նրան», - կոչ է անում Հայաստանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր և խմբավար Հարություն Թոփիկյանը` հավատացած, որ կոմիտասյան երաժշտության լուսավոր հոգին դեռ երկար է ցնծալու:

Հունիսի 13-ին Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Կոմիտասին 140 ամյակին նվիրված համերգաշարը, որը կշարունակվի Գյումրիում, Վանաձորում: Ծրագրային առումով կոմիտասյան համերգաշարը 2 մասից կազմված կլինի` համադրելով Կոմիտասի և արևմտաեվրոպական, ռուս դասականների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայաստանի կամերային երգչախումբը հիմնվել է 1996թ-ին խմբավար Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Գարեգին Առաջին վեհափառի հովանավորությամբ: Նրանք ձայնագրել և սկավառակների վրա հավերժացրել են Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր խմբերգային ողջ ժառանգությունը` 147 խմբերգ: Երգչախմբի մենակատարներն են` Սեյրան Ավագյան, Արսեն Ավետյան, Թամարա Մոսինյան, Մաքրուհի Խաչատրյան, Արուսյակ Պետրոսյան, Կամո Մատինյան, Աշոտ Չթչյան, Արմեն Բադալյան, Սյուզաննա Մելքոնյան, երգչախմբի կոնցերտմայստերն ու գեղարվեստական խորհրդատուն է Կարինե Հարությունյանը: