Մեր նավթն ու զազը արվեստն ու գիտությունն են, բայց աշխարհին ներկայանում ենք եղեռնով ու երկրաշարժով. Լևոն Իգիթյան

14:57 • 18.09.10

«Տաղանդավոր մարդը տաղանդավոր գործ է ստեղծում, կապ չունի` ինչ պայմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագետ Լևոն Իգիթյանը՝ նշելով, որ ԽՍՀՄ տարիներին արվեստագետը պետությունից կախման մեջ էր, ինչն այսօր չի նկատվում։

Նրա խոսքով, ԽՍՀՄ տարիներին արվեստագետի վրա գործադրված ճնշումների արդյունքում ծնվում էին գլուխգործոցներ, քանի որ արվեստագետը ընդդիմանում էր, կար բախում։ Իսկ պետության ճնշումներին ենթարկվողները, ըստ Իգիթյանի, անշուք ու աննշան գործեր էին ստեղծում։

«Այսօր ճնշում չկա, մենք ազատ ենք մեր անկախ երկրում», - ասում է Իգիթյանը՝ նշելով, սակայն, որ հայն այդպես էլ չհասկացավ՝ ինչ ասել է ազատություն։

Ըստ նրա, անմնացորդ նվիրումը հենց ազատության խորհրդանիշերից մեկն է։ «Եթե մարդիկ մի բան անում են, չպետք է պահանջեն։ Եթե գնում են պատերազմ, հետո բան են պահանջում, ես ասում եմ՝ չկռվեիր։ Եթե կռվել ես հող ստանալու, տուն ստանալու ակնկալիքով, ավելի լավ էր՝ չկռվեիր»,- ընդգծեց նա։

Իգիթյանը նաև նշեց, որ հայ ազգը պետք է աշխարհին ներկայանա և ճանաչելի լինի իր արվեստով։ «Մեր ազգը ճանաչված չէ, մեզ ճանաչում են երկրաշարժի, Եղեռնի միջոցով, մենք մեր հետ պրոբլեմ ենք տանում, իսկ մարդկությունը պրոբլեմից հոգնում է։ Մեր նավթն ու զազը արվեստն ու գիտությունն են։ Մեզ պետք է աշխարհում ճանաչեն ու հարգեն դրանով»,- ասաց նա։

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ անկախությունը հայկական արվեստում քաոսային և խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել. «Դրանից կարծում ենք՝ կծնվի լավը»։