Վանում համերգ է տվել Շահան Արծրունին

11:55 • 19.09.10

Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ երեկ Վանում համերգով հանդես է եկել ամերիկահայ վիրտուոզ դաշնակահար Շահան Արծրունին:

Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի համերգասրահում տեղի ունեցած համերգին ի թիվս այլոց մասնակցել են Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, «Հարյուրերորդ տարի» համալսարանի ռեկտոր Հասան Ջեյլանը, Վանի գլխավոր դատախազ Մուստաֆա Ալպերը:

Համերգին մասնակցել են նաև հայ և թուրք ջութակահարներ Գևորգ Դավթյանը և Սևիլ Ուլուջանը:

Հայազգի դաշնակահարն իր տաղանդով ուղղակի ապշեցրել է համերգին եկած հյուրերին, որոնք երկար ժամանակ հոտընկայս ծափահարել են վիրտուոզին:

Համերգից ամիսներ առաջ Արծրունին հայտարարել էր, որ Վանում համերգով հանդես գալն իր վաղեմի երազանքն է, և այն պետք է իրականանա:

Իսկ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հաղթահարել հայ և թուրք ժողովուրդների միջև առկա խնդիրները և երկխոսություն սկսել, Արծրունին հայտարարել է. «Միմյանց ձգտումները, ցանկությունները, մտադրությունը, մտքերը և զգացմունքները հասկանալու համար հաղորդակցութունը, թերևս, միակ միջոցն է։ Ինչևէ, վստահ եմ, որ նրանք, ովքեր պատմական այդ օրը կգան Աղթամար կղզի, Վանի բնակիչների հյուրընկալ ընդունելությանը կարժանան»։