Պետական պարգևն ավելի պարտավորեցնող է. Արթուր Ութմազյան

15:56 • 24.02.12

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը ով այսօր «Հուլիոս կեսար» բեմադրության համար ՀՀ 2011թ. պետական մրցանակի արժանացավ, ասում է, որ ստացած պարգևն ավելի պատասխանատու է դարձնում հանդիսատեսի առջև:

«Ճիշտ է բեմադրության համար միայն ես պարգևատրվեցի, բայց դրա վրա ամբողջ խումբ է աշխատել և դա գրեթե 10 տարվա աշխատանք է»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Ընդհանրապես շատ են խոսում, որ թատրոնը մեռնում է: Եկավ կինոն, բայց թատրոնը շարունակեց ապրել, եկավ հեռուստատեսությունը, այնուհետև ինտերնետը ու թատրոնը շարունակում է ապրել և կապրի միշտ»,- ասաց նա և բոլորին կոչ արեց գնալ թատրոն:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր նախագահի նստավայրում:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին պետական մրցանակը ապրելու և արարելու ոգևորություն է հաղորդում:

«Ես այժմ աշխատում եմ մի ստեղծագործության վրա, որը պատվիրված է Գերմանիայից: Այն կոչվում է «Յոթ երգ սիրո և խաղաղության մասին»: Այն պատրաստ կլինի հուլիսի կեսերին: Հաճելի է, որ իմ ստեղծագործությունը նման գնահատականի արժանացավ. ես հիսացման պահ եմ ապրում»,- ասաց նա:

Հրաչյա Հարությունյանը, ով նույնպես մրցանակ էր ստացել, ևս չթաքցրեց իր ոգևորությունը. «Չեմ կարող ասել, թե սպասում էի այս մրցանակին, բայց այս պահը հաճելի է և հուզիչ»: