63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի շրջանակներում 400 անձի կտրամադրվի մինչև 2 մլն դրամ
Գործադիրը հաստատել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աջակցության նոր գործիք՝ համադրելով ձեռնարկատիրական ուսուցումը, գործարար ծրագրի մշակումը և ֆինանսական կազմակերպությունների միջոցով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացման դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար։ «Նրանց աջակցություն կտրամադրվի հենց սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։ Ունենալով կրթական մասով հավաստագիր և սեփական գործարար ծրագիր՝ կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին, և կստանան պետական աջակցությունը։ Մենք չենք խոսում այստեղ վարկային ֆինանսավորման մասին։ Խոսքը հենց պետական աջակցության մասին է, այսինքն՝ ծրագրի պայմանների պահպանման դեպքում գումարի վերադարձման խնդիր չի լինի»,-ասել է փոխնախարարը։
Արամ Խաչատրյանը նշել է նաև, որ ծրագիրն ունի մարզային ուղղվածություն։ «Մասնավորապես՝ սահմանել ենք որոշակի հերթականություն սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում բնակվող անձինք հաջորդաբար կունենան հնարավորություն։ Այսինքն՝ այդ հերթականությունը կսահմանի ըստ այդ տրամաբանության։ Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 միլիոն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է 400 անձի համար, առնվազն 400 անձի համար ուսումնական մասով և նրանցից ընտրված 200 անձի համար արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Բյուջենը ընդհանուր 400 միլիոն դրամ է։ Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ Այսինքն՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքում կփորձենք ամփոփել այն տվյալները, որոնք կկարողանանք հավաքագրել, գնահատել ծրագրի արդյունավետությունը և հասկանալ ծրագրի իրականացման մասով հետագա քայլերը», - ասել է փոխնախարարը։
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ։ Շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ ՀՀ-ում 100 հազարից ավելի թոշակառու ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ է։ «Եվ այս նախաձեռնությունը նաև շարունակությունն է մեր մյուս քաղաքականությունների, երբ մենք վերացրեցինք, ըստ էության, գրեթե ամենուր այդ տարիքային արհեստական շեմերը։ Դրանից հետո քաղաքացիները նույնիսկ իրավունք էլ չունեին աշխատելու և պարզապես ստիպողաբար ազատվում էին աշխատանքից թե՛ մասնավոր սեկտորում, թե՛ մեծամասամբ նաև հանրային ծառայության մեջ»։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն արձանագրել է՝ 65 պլյուս տարիքի անձանց դեպքում նաև առողջության ապահովագրության համակարգը լրացուցիչ ներդրում է նշված տարիքային խմբի քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսական ակտիվության համար։










