Սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է. «Մարիաննա»

14:45 • 05.11.26

Օրերս «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հետազոտություն էր հրապարակել, որտեղ նշված էր, որ «Մարիաննա» ընկերությունը վտանգավոր արտադրանք է արտադրում: «Մարիաննա» ընկերությունը արձագանքել է հրապարակմանը: Ընկերության ամբողջական պարզաբանումը՝ ստորև.

««Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է «Մարիաննա» ընկերության պաշտոնական դիրքորոշումը. «Մարիաննա» ընկերությունը հերքում է իր արտադրանքի վտանգավոր լինելու վերաբերյալ ընդհանրացված պնդումները և համաձայն չէ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հրապարակած հետազոտության՝ իր արտադրանքին վերաբերող արդյունքների հետ։

Իր 30 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես առաջնահերթ է համարել արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ կարևորելով սպառողների վստահությունը և այն պահպանելու պատասխանատվությունը։ «Մարիաննա» ՍՊԸ-ն իր գործունեությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ընկերությունում ներդրված է սննդամթերքի անվտանգության կառավարման ISO 22000 համակարգ։

Արտադրությունն իրականացվում է կիրառելի միջազգային նորմերի և սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջների պահպանմամբ։ Ընկերությունում գործում է ներքին վերահսկողության համակարգ, որը նախատեսում է հումքի, տեխնոլոգիական գործընթացների, սանիտարահիգիենիկ պայմանների և պատրաստի արտադրանքի որակի ու անվտանգության խիստ վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում։ Վերահսկողությունն իրականացվում է ամեն օր՝ արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար, այլ ոչ թե ընտրողաբար՝ ապահովելով թողարկվող արտադրանքի համապատասխանությունը սահմանված նորմերին։

Ընկերության գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սահմանված կարգով՝ իրավասու լիազոր մարմնի կողմից։ Գործարանը հագեցած է եվրոպական առաջատար սարքավորումներով և տարեցտարի վերազինվում է՝ ներդնելով նոր տեխնոլոգիական լուծումներ։ Արտադրության և փաթեթավորման ավտոմատացված համակարգերը նպաստում են արտադրանքի որակի ու անվտանգության պահպանմանը, ապահովում տեխնոլոգիական գործընթացների ճշգրտությունն ու կայունությունը և նվազեցնում մարդկային գործոնով պայմանավորված սխալների հավանականությունը։

Գտնում ենք, որ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի հետազոտության մեթոդների, նմուշառման, նմուշների տեղափոխման ու պահպանման պայմանների և արդյունքների ամբողջական ներկայացմամբ՝ հնարավորություն տալով նաև արտադրողին ներկայացնելու իր պարզաբանումները։ Թերի ներկայացված տվյալները կամ դրանց հիման վրա արված ընդհանրացված եզրակացությունները կարող են անհարկի անհանգստություն առաջացնել սպառողների շրջանում։ «Մարիաննա»-ն վստահեցնում է իր սպառողներին, որ նրանց սեղանին հասնող մեր արտադրանքի յուրաքանչյուր փաթեթի հիմքում որակի, անվտանգության և օգտակարության նկատմամբ պատասխանատու մոտեցումն է։ Շնորհակալություն մեր սպառողներին՝ մեզ վստահելու և ընտրելու համար։ Ձեր վստահությունը մեր ամենօրյա աշխատանքի հիմքն է և ամենամեծ պատասխանատվությունը»,- նշված է պարզաբանման մեջ։