Ֆրանսիայում ցուցարարները արգելափակել են 81 ուսումնական հաստատություն

15:19 • 05.11.26

Ֆրանսիայում ցուցարարները արգելափակել են 81 ուսումնական հաստատություն՝ ամբողջ երկրում նման ուսումնական հաստատությունների ընդհանուր թվի մոտ 2.2%-ը։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության կրթության նախարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ժամը 10:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 13:00-ին), իշխանությունների տեղեկատվության համաձայն, ուսումնական հաստատությունների ընդհանուր թվի 2.2%-ը, այսինքն՝ ընդամենը 81 ուսումնական հաստատություն, արգելափակված է եղել։ Դեպարտամենտների 84%-ում արգելափակման ոչ մի դեպք չի արձանագրվել», - հայտնել են հեռուստաալիքի եթերում։

Իրենց հերթին Union Syndicale Lycéenne ավագ դպրոցի աշակերտների ասոցիացիայի ներկայացուցիչները պնդում են, որ ամբողջ երկրում ավելի քան 1,000 ուսումնական հաստատություն դադարեցրել է աշխատանքը։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայում անցկացվում է արհմիությունների զանգվածային գործադուլ, որոնք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և իշխանությունների կողմից խնայողության լրացուցիչ միջոցներից հրաժարում։ Արհմիությունների զանգվածային ցույցերին միացել են ուսանողական և ավագ դպրոցների աշակերտական ասոցիացիաները, որոնք սեպտեմբերի վերջից շարունակում են բողոքի ակցիաները՝ Ֆրանսիայի կրթության նախարարությունից պահանջելով շտկել իրավիճակը մի շարք դպրոցներում որոշ առարկաների ուսուցիչների բացակայության հետ կապված, ինչպես նաև դժգոհում են ուսումնական հաստատությունների վատ վիճակից և ծանրաբեռնված ծրագրից։ Իշխանությունների գնահատականներով՝ ընդհանուր առմամբ 780,000 մարդ կարող է մասնակցել ցույցերին ամբողջ երկրում։