«Օսկար»-ին ընդառաջ. Սաշա Բարոն Քոենին թույլ են տվել մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը
Կինոշխարհի ամենահեղինակավոր «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչները բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենին թույլ են տվել միջոցառմանը ներկայանալ իր նոր՝ «Բռնապետը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարանքով:
Ինչպես հաղորդում է ամերիկյան The New York Post պարբերականը, ավելի վաղ մրցանակաբաշխության կազմակերպիչները դերասանին ընդհանրապես արգելել են ներկայանալ միջոցառմանը՝ մտավախություն ունենալով, որ նա «կարմիր գորգը» կօգտագործի իր նոր այդ ֆիլմը գովազդելու համար:
«Բռնապետը» ֆիլմը «Օսկարի» ներկայացված չէ: Ֆիլմը, որ վարձույթի կհանվի 2012թ. մայիսին, պատմում է Վադիա երկրի մասին, որի ղեկավար ծովակալ-գեներալ Ալադինը (մարմնավորում է Սաշա Բարոն Քոենը) ամեն ինչ անում է (նույնիսկ վտանգելով իր կյանքը), որպեսզի ժողովրդավարությունը «ոտք չդնի» իր երկիր:
«Օսկար» մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը (Երևանի ժամանակով):
2011թ. «Լավագույն ֆիլմ» ճանաչվելու համար պայքարելու են Միշել Խազանավիչուսի «Արտիստը», Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը», Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները», Թեյթ Թեյլորի «Աղախինը», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Բինեթ Միլերի «Մարդ, որ փոխեց ամեն ինչ», Թերենս Մալիքի «Կյանքի ծառը», Սթիվեն Սփիլբերգի «Ռազմական նժույգը» և Սթիվեն Դոլդրիի «Չափազանց բարձր և անհավանական մոտ» ֆիլմերը:
«Տղամարդու լավագույն դերակատար» անվանակարգում մրցելու են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ժան Դյուժարդինը, Գերի Օլդմենը, Դեմիան Բիշերը, իսկ «Լավագույն կնոջ դերակատար» անվանակարգում՝ Մերիլ Սթրիփը, Միշել Վիլյամսը, Գլեն Քլոսը, Ռունի Մարան, Վայոլա Դևիսը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կպայքաարեն Մարտին Սկորսեզեն, Վուդի Ալենը, Միշել Խազանավիչուսը, Ալեքսանդր Փեյնը և Թերենս Մալիկը:










