Լույս է տեսել Անահիտ Բախշյանի «Հաշվետու եմ» գիրքը
Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր
Անահիտ Բախշյանի «Հաշվետու եմ» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ
հեղինակը պարզաբանեց, որ հաշվետվություն է ներկայացրել իր պատգամավորության տարիներին արված աշխատանքների մասին։
«Սա հաշվետվություն է, հաշվետվություն այն մասին, թե ինչ է արել Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» խմբակցության ներսում, «Ժառանգություն» կուսակցության հետ միասին 2007-2012 թվականի սկիզբը»,– ասաց նա:
Գրքի գաղափարը Բախշյանն ասաց, որ տվել է կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ընդ որում, բոլոր անդամներին: Իսկ գիրքը Անահիտ Բախշյանը նվիրել է ամուսնուն:
«Այս տարի լրանում է Յուրայի 65 ամյակը և ես իմ հաշվետվությունը նվիրում եմ նաև իրեն ու դրանով ուզում եմ ասել, որ 13 տարի ես ապրում եմ առանց Յուրայի, ֆիզիկական Յուրայի, բայց 13 տարի Յուրան ինձ նոր որակ է տվել նոր ուժ է տվել, նոր բացահայտումներ է արել իմ մասին, որի մասին, ես տեղյակ չեմ եղել, բայց ինքը ասում էր միշտ»,- ասաց Բախշյանը:
Նա նշեց, որ 223 էջանոց գրքում ընդգրկված են նրա՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված հարցադրումների 15-20 տոկոսը, հայտարարություններ, ելույթներ, ԶԼՄ-ներին տված հարցազրույցներ:
Գրքում կան նաև, ինչպես Բախշյանը նշեց, իր համար թանկ մարդկանց կարծիքն իր մասին` գործընկերների, աշակերտների, կուսակցական ընկերների: Սակայն նա ընդգծեց, որ գրքում պատահաբար չի տպագրվել իր աշակերտներից մեկի` Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի կարծիքը, ինչի համար ներողություն խնդրեց:
Գրքում կան նաև լուսանկարներ, թեև քիչ, բայց ինչպես ասաց գրքի հեղինակը, դրանցից ամեն մեկը կյանքի մի պատմություն է ներկայացնում:
«Վերջում գրքի կա մի աղյուսակ, որը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա ծանոթանալ, թե այս 5 տարիների ընթացքում ովքեր, ինչ խնդիրներով են դիմել, ինչ լուծումներ են ստացել այդ խնդիրները, ինչքան է տևել այդ խնդրի լուծումը կամ ընդամենը բարձրաձայնումը»,- տեղեկացրեց Բախշյանը:
Շնորհանդեսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ով նշեց, որ Անահիտ Բախշյանը նաև հերոս կին է։
«Գործ ունենք, ոչ միայն կնոջ, այլև մի հերոս մարդու, և ես հպարտ եմ, որ 5 տարի իր հետ ճանապարհ եմ անցել և անցնելու եմ իր հետ միասին»,- ասաց նա:
«Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված բլոգեր Իզաբելա Աբգարյանը, թեև նոր էր ծանոթանում գրքին, սակայն նշեց, որ այն իր համար կդառնա ուղեցույց, քանի որ Անահիտ Բախշյանը իր համար կին պատգամավորի օրինակ է:
«Ինձ համար այն որպես ուղեցույց է սկսնակ պատգամավորի համար, ով նոր է ոտք դնում քաղաքականություն` տեսնելով, թե ինչ քանակությամբ աշխատանք է արվել տիկին Բախշյանի կողմից այս 5 տարիների ընթացքում։ Շատ քիչ պատգամավորներ կան, որ կկարողանան այսպիսի գրքով ներկայացնել արվածը: Կարևորը, թե ինչ բարդ պայմաններով է դա արվել»,- ասաց նա:
«Ես շատ կարևորում եմ այս գրքով ասել հետևյալը: Վերջերս հարց են տալիս, «արդյո՞ք այս ինչ բանը, որ արեցիք պատգամավորի գործ էր՞, ասում են, «դուք շտապ օգնությու՞ն եք, թե պատգամավոր եք»: Մեր «Ժառանգություն» կուսակցության տեսակի անունից ասում եմ, պատգամավորը ավելին է, քան շտապ օգնությունը»,- նկատեց Անահիտ Բախշյանը:










