Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ

13:43 • 06.11.26

Ճապոնիայի իշխանությունները Թայվանի մասին վարչապետ Սանաե Տակաիչիի հայտարարություններից ի վեր անցած մեկ տարվա ընթացքում քայլեր չեն ձեռնարկել թույլ տրված սխալներն ուղղելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, անցել է մեկ տարի, իսկ ճապոնական իշխանությունները նախկինի պես տեղում դոփում են և խուսափում խնդրի լուծումից։ Տոկիոյում մինչ օրս ցույց չեն տվել սխալները վերանայելու և ուղղելու անկեղծ ցանկություն և դրա համար քայլեր չեն ձեռնարկել»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ ներկայումս չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների, և ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է ճապոնական կողմի վրա։

«Բանն այն է, որ մեկ տարի առաջ ճապոնացի առաջնորդները հանդես եկան Թայվանի վերաբերյալ սխալ հայտարարություններով՝ բացահայտորեն կեղծ ազդանշաններ հղելով Թայվանի հարցին ռազմական միջամտության փորձի մասին, մարտահրավեր նետելով Չինաստանի պետական ինքնիշխանությանը և խարխլելով չին-ճապոնական հարաբերությունների քաղաքական հիմքը», - պարզաբանել է նա։

Գո Ցզյակունն ընդգծել է, որ Տոկիոյին անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ուղղել Թայվանի հարցով սխալ խոսքերն ու գործողությունները, ճիշտ դիրքորոշում որդեգրել պատմական խնդիրների վերաբերյալ և ապահովել Չինաստանի օբյեկտիվ և ռացիոնալ ընկալումը։

2025 թվականի նոյեմբերին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խորհրդարանում հայտարարել էր, որ չի բացառում ուժի կիրառումը Թայվանի մոտ ռազմական ճգնաժամի դեպքում։ ՉԺՀ-ի իշխանությունները այդ խոսքերը գնահատում են որպես բացահայտ սպառնալիք և միջամտություն Չինաստանի ներքին գործերին։

Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից ի վեր, երբ կղզի փախան Չան Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո։ Այդ ժամանվանից ի վեր Թայբեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն ունեին մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են երկրների մեծ մասը, ներառյալ Ռուսաստանը, դա ՉԺՀ-ի շրջաններից մեկն է։