Ես չեմ եկել՝ քարոզարշավին մասնակցելու. ես եկել եմ՝ իմ ընկերոջն աջակցելու. Հարութ Փամբուկչյան (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության «Համերգ-հաղթահավաք»-ը, որի ժամանակ ելույթ ունեցան Ռուբեն Հախվերդյանը և Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, ով Հայաստան է ժամանել Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով: Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ ինքը չի եկել քարոզարշավին մասնակցելու, պարզապես եկել է իր ընկերոջը` Րաֆֆի Հովհաննիսյանին, աջակցելու:
«Ես և Րաֆֆին պատանեկան ընկերներ ենք, ես նրան շատ լավ եմ ճանաչում և վստահ եմ, որ նա ազնիվ մղումներ ունի, և ես եկել եմ՝ նրան աջակցելու համար, ես քարոզարշավով չեմ զբաղվում»,-ասաց Հարութ Փամբուկչյանը:
Tert.am-ի հարցին, թե վերջինս երբևիցե զբաղվել է քարոզարշավով, և որևէ ուժի համար երգել է, Հարութ Փամբուկչյանն ասաց՝ ոչ:
«Ժամանակին՝ 90-ականներին, ինձ դաշնակներն են հրավիրել, որ իմ երգերով քարոզեմ հայտնի, սիրված դերասան Սոս Սարգսյանի համար, սակայն ես ասացի, որ նրան չեմ կարող ընդունել՝ որպես քաղաքական գործչի, նա պարզապես ինձ համար շատ լավ դերասան է»,- ասաց Հարութ Փամբուկչյանը:
Հարութ Փամբուկչյանը նշեց նաև, որ իր համար ամենակարևորն այն է, որ քաղաքական գործիչը ժողովրդի համար կարողանում է լավ բան անել, և ինքը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա օգտակար լինել Հայաստանին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժեր` համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև մոտ 140 անհատներ` մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:
Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը և մեծամասնություն կազմած քաղաքական ուժը կամ ուժերը կկազմեն կառավարություն:
Լուսանկարները՝ Panarmenian photo-ի










