«Մովսես Խորենացի» -ն՝պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանին, «Վիլյամ Սարոյան»-ը՝ արձակագիր Նորայր Ադալյանին

18:07 • 04.05.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան այսօր «Մովսես Խորենացի» մեդալ է հանձնել պոլսահայ գրող Արման Վարդանյանին, ով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

 

Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեդալի հանձնման արարողությանը ներկա են եղել նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, հայ արձակագիր Նորայր Ադալյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ և այլք:

 

Արման Վարդանյանը հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն է, ով վաղուց ավերել է բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը: Ութսուն տարին բոլորած ականավոր թատերագիրը հրատարակել է պիեսների հինգ ժողովածու, նրա շատ պիեսներ թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն:

 

Հայ արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանին ծննդյան 75-ամյակի առթիվ Հրանուշ Հակոբյանը պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

 

Լևոն Անանյանն Արման Վարդանյանին է հանձնել Հայաստանի գրողների միության անդամության տոմս:

 

Պարգևատրվողները հայտնել են իրենց շնորհակալությունը նման ուշադրության համար և նշել, որ իրենց խոսքը միշտ ցանկացել են ներկայացնել իրենց ստեղծագործություններով: