Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգներ կտա Մոսկվայում և ԱՄՆ-ում
Այս տարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հյուրախաղերի ժամանակացույցը խիստ հագեցած է. այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նվագախմբի հանրային կապերի պատասխանատու Աբգար Սարգսյանը:
«Ամեն տարի մենք ավելի ու ավելի շատ թվով հրավերներ ենք ստանում տարբեր երկրներից: Անցյալ տարի ենք ունեցել են 10 հրավեր ԱՄՆ-ից, սակայն մենք չենք գնում յուրաքանչյուր հրավերի: Մեզ համար կարևոր է հայկական երաժշտության քարոզչությունն արտասահմանում, և դա մեր ռազմավարությունն է»,- ասաց Աբգար Սարգսյանը` նշելով, որ մոտ ժամանակներս սպասվում են նվագախմբի հյուրախաղերը Մոսկվայում և ԱՄՆ-ում:
«Մոսկվայում մենք մենահամերգ կունենանք, ինչից հետո մեկ ամսով կմեկնենք ԱՄՆ: Վաշինգտոնում կունենանք 8 համերգ, ապա նվագախումբը կմեկնի Լոս Անջելես, որտեղ կմասնակցի հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ընդգծեց նա:










