Կահիրեում տեղի է ունեցել Հարութ Սասունյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդեսը

17:04 • 05.05.12

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, մայիսի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը «Քալիֆորնիա Կուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ հանդիպում տեղի է ունեցել նրա հեղինակած՝ «Հայոց ցեղասպանություն. Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» գրքի արաբերեն երկրորդ հրատարակության շնորհանդեսը:


Ըստ ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայության հաղորդագրության՝ միջոցառմանը ներկա են եղել եգիպտահայ համայնքի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ:


Հանդիսության բացման խոսքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը բարձր է գնահատել Հ.Սասունյանի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած ներդրումը և ծավալած հասարակական գործունեությունը:


Ականավոր ցեղասպանագետ, հայագետ դոկտոր Մոհամեդ Ռեֆաաթ էլ-Իմամը, ով նաև գրքի նոր հրատարակության նախաբանի հեղինակն է, արժևորել է Սասունյանի աշխատությունը` որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող առկա կարևոր փաստաթղթերն ու հայտարարություններն ի մի բերելու և ընթերցողին ամփոփ ներկայացնելու ուշագրավ փորձ:


Իր ելույթում Հարութ Սասունյանը քննադատել է Թուրքիայի վարած ժխտողականության քաղաքականությունը, անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման գործընթացի արդի փուլի խնդիրներին:


«Հայոց ցեղասպանություն. Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» գիրքն առաջին անգամ արաբերեն հրատարակվել է 2005թ. Բեյրութում Նորա Արիսյանի թարգմանությամբ:


Արաբերեն երկրորդ հրատարակությունն իրականացվել է Եգիպտոսի Հայոց ցեղասպանության հիշատակման հանձնախմբի նախաձեռնությամբ՝ այն եգիպտացի ընթերցողներին հասանելի դարձնելու նպատակով: