Կարեն Շահնազարովի հարցազրույցը իր նոր` «Ճերմակ վագր» ֆիլմի առթիվ. Взгляд (լուսանկարներ, տեսանյութ)

23:43 • 05.05.12

Մայիսի 3-ին վարձույթ է դուրս եկել կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Ճերմակ վագր» ֆիլմը` ըստ պետերբուրգցի արձակագիր Իլյա Բոյաշովի համանուն վեպի, որի հերոսը` Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ հրաշքով կենդանի մնացած խորհրդային տանկիստը, հետապնդում է գերմանական ուրվական հրասայլին` ընկալելով որպես անձնական թշնամի: Շահնազարովը ազատ մոտեցում է ցուցաբերել վեպի սյուժեին` զուգահեռ զարգացնելով իրենը:

 

Նոր ֆիլմի առիթով հարցազրույց տալով Взгляд-ին` նա խոսել է հերոսականության, Հիտլերի և այն մասին, թե ինչու Արևմուտքում չկա այն զգացողությունը, որ պատերազմում ունեցած հաղթանակի ավանդը` իր գերակշիռ մասով, պատկանում է ԽՍՀՄ-ին:

 

Ըստ ռեժիսորի` ժամանակակից աշխարհում չի վերացել պատերազմի, այդ թվում` համաշխարհային պատերազմի վտանգը, ինչը պետք է մտահոգի երիտասարդությանը: Իսկ այդ փաստը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր մենք ապրում ենք հենց Երկրորդ համաշխարհայինից հետո կերտված աշխարհում:

 

Շահնազարովը հայտնել է, թե հենց այս վեպն է ընտրել, քանի որ դրանում իրեն գրավել են միստիկայի տարրերը և դրա կինեմատոգրաֆիական լինելը: Ռեժիսորն ու հեղինակը հենց սկզբից պայմանավորվել են, որ Շահնազարովը ազատ է գործելու:

 

Հարցազրույցում Շահնազարովը մեջբերում է Հիտլերին, որը 20-ականներին ասել էր, թե ռուսները նույնիսկ գործող բեռնատար չեն կարող կառուցել: Ըստ ռեժիսորի` առհասարակ նախքան պատերազմը ԽՍՀՄ-ը կիսաքանդ երկիր է եղել, իսկ պատերազմում հաղթելը հետագա սերունդներին ներշնչել է դրա հզոր տերություն լինելու պատրանքը: Հաղթանակը հնարավոր է դարձել զանգվածային հերոսականության դրսևորումների շնորհիվ:

 

Խոսելով Երկրորդ համաշխարհայինի, գերմանացիների և ԽՍՀՄ-ի հաղթանակի ավանդական գնահատականի և դրանից մեծապես տարբերվող նոր տեսակետների մասին` Շահնազարովն ասում է. «Գաղափարների պատերազմը շարունակվելու է, դրա դեմ ոչինչ անել չես կարող: Գաղափար արգելելն անհնար է` ո՛չ ճիշտը, ո՛չ էլ` ոչ ճիշտը»: