Չիկագոյում ապամոնտաժվել է Մերիլին Մոնրոյի հսկայական արձանը (ֆոտոշարք)

21:52 • 08.05.12

Չնայած իր անվանը` «Ընդմիշտ Մերիլին»` Չիկագոյի կենտրոնից ապամոնտաժվել է Մերիլին Մոնրոյի` մոտ 8 մ բարձրությամբ արձանը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

 

Քանդակագործ Սյուարդ Ջոնսոնի տուրքը Հոլիվուդի լեգենդին Չիկագոյում տեղադրվել էր անցած հուլիսին: Սկզբնական շրջանում մեծ ուշադրության արժանացած արձանը հետագայում հիմնականում ծաղրուծանակի և քննադատության թիրախ էր դարձել:

 

Այս արձանը որակվել էր որպես հանրային արվեստի ամենավատ նմուշներից մեկը: Virtual Tourist կայքը «Ընդմիշտ Մերիլինն» անվանել էր անգամ տասը ամենատհաճ արվեստի գործերից մեկը: Արձանը վեր բարձրացած զգեստի շնորհիվ նաև որպես հսկայական ծածկ էր կիրառվում Չիկագոյի ուժեղ անձրևների ժամանակ:

 

Արձանը ներկայացնում է Մերիլին Մոնրոյի հերոսուհուն 1955-ի «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմի հայտնի տեսարանից, որտեղ մետրոյի գնացքը բարձրացնում է նրա ճերմակ զգեստի փեշը: