Այսօր արևմտահայ արձակագիր Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան օրն է

12:29 • 08.05.12

1851թ. մայիսի 8-ին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում ծնվեց արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը:


Բանաստեղն իր նախնական ուսումը ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա ժամանակի լավագույն` Խասգյուղի Ներսիսյան վարժարանում:


1866-ին փոխադրվում է Խասգյուղ` Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվում է։


1874-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը սակայն որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, Եղիա հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել` նետվելով ծովը։ Սակայն, բարեբախտաբար ինքնասպանության փորձը ձախողվում է:


1874-ին նա մեկնում է Ֆրանսիա` Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է Le Littaeraire et Financier de Marseille շաբաթաթերթի մի քանի համար` Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։


1874-ին ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների հետ, այցելում Վիկտոր Հյուգոյին։


1876-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում` սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։


Արձակագիր առողջությունը գնալով վատանում է, սոցիալական պայմանների պատճառով նա հայտնվում է անհուսալի վիճակում. թերթերից ստացած չնչին հոնորարով մի կերպ պահպանում էր գոյությունը։ Բանաստեղծի վիճակը որոշ չափով բարվոքվում է, երբ տեսուչ է նշանակվում Բերայի վարժարաններում, ապա փիլիսոփայություն դասախոսում` Հայկական Կրթարանում։


1884-ին Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։

 

Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև ֆրանս-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվում է մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930թթ.)։


Մինչև 1893-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել,. փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։


1893-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն` Սուրեն Պարթևյանի եղբայրը։


1893-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։


1895-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է Ժնև, ապա` Վիեննա։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։


1901-ին հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։


Անկողնուն գամված, 1908-ին հուլիսի 19-ին, Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, լարելով վերջին ուժերը, Եղիա Տեմիրճիպաշյանը ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։