Ֆեմինիստները Կաննի կինոփառատոնին սեքսիզմի մեջ են մեղադրում
Ֆրանսիացի ֆեմինիստները Կաննի միջազգային կինոփառատոնին մեղադրել են այն բանի համար, որ փառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակին հավակնող ֆիլմերի ցանկում չկա գեթ մի ֆիլմ, որի ռեժիսորը կին է:
Գլխավոր մրցանակի համար պայքարելու է 22 ժապավեն, և դրանց շարքում չկա մեկը, որ նկարահանած լիներ իգական սեռի ներկայացուցիչ: Իսկ նոր տաղանդների բացահայտող ծրագրում 17 ֆիլմից միայն 2-ի ռեժիսորներն են կին: Փոխարենը, ինչպես նկատել են բողոքողները, փառատոնի գլամուրային մասը հագեցած է կանանցով ու «իգականությամբ»:
Կաննի կինոփառատոնի պատմության մեջ ընդամենը մեկ անգամ է կին ռեժիսոր արժանացել Ոսկե արմավենու ճյուղի: Խոսքը նորզելանդացի Ջեյն Քեմփիոնի մասին է, որը այդ բարձրագույն կինոպարգևին արժանացավ 1993-ին` իր «Դաշնամուր» ֆիլմի համար:
Կաննի միջազգային կինոփառատոնն անց է կացվելու մայիսի 16-27-ը:










