Ուկրաինան Այվազովսկու ծննդյան 195-ամյակը կնշի պետական մակարդակով

11:29 • 24.05.12

Ուկրաինան հուլիսի 17-ին պետական մակարդակով կնշի ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 195-ամյակը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, համապատասխան որոշման օգտին քվեարկել է Գերագույն ռադայի 297 պատգամավոր:

 

Նախարարների կաբինետին հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ստեղծել միջոցառման նախապատրաստման և անցկացման հարցերով կազմակերպչական կոմիտե:

 

Միջոցառման շրջանակում երկրի թանգարաններում ու գրադարաններում կանցկացվեն թեմատիկ ցուցահանդեսներ` նվիրված արվեստագետի կյանքին ու գործունեությանը:

 

Պետական «Ուկրփոստ»-ին հանձնարարվել է թողարկել տարեդարձին նվիրված փոստային նամականիշեր:

 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ առևտրականի ընտանիքում: Ավարտել է ուկրաինական Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիան, իսկ հետագայում ոսկե մեդալով` Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան։ Եղել է Ռուսական կայսրության պատվավոր ծովակալը, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ Մահացել է 1900 թ.-ի մայիսի 5-ին: