Հայտնի են «Եվրատեսիլ»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները
Բաքվում մայիսի 24-ին անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով որոշվել է եզրափակիչ անցած երկրների ամբողջական ցանկը: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` ժյուրիի անդամների ու հանդիսատեսի քվեարկությամբ եզրափակիչ են անցել Սերբիան (Ժելկո Յոքսիմովիչը` Није Љубав Ствар երգով), Մակեդոնիան (Կալիոպին` «Սև ու սպիտակ» երգով), Մալթան (Քուրթ Կալեյան` This Is The Night երգով), Ուկրաինան (Գայտանան` Be My Guest), Շվեդիան (Լորինը` Euphoria), Թուրքիան (Ջան Բոնոմոն` Love Me Back), Էստոնիան (Օտ Լեփլանդը` Kuula), Նորվեգիան (Թուջին` Stay), Բոսնիա-Հերցեգովինան (MayaSar-ը` Korake Ti Znam) և Լիտվան (Դոնի Մոնթելը` Love Is Blind երգով):
Մայիսի 22-ին անցկացված մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել` Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանն ու Իռլանդիան:
Եզրափակիչը կանցկացվի մայիսի 26-ին, որին, բացի կիսաեզրափակիչների հաղթողներից, կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ադրբեջանը:










