Արսինե Խանջյան և Քիմ Քարդաշյան. հայուհիները Կանն-2012-ում (լուսանկարներ)

13:39 • 25.05.12

Երբ Արսինե Խանջյանը հայտնվում է Երևանում, յուրատեսակ իրարանցում է առաջանում նրա շուրջը. վերջին անգամ՝ ապրիլին, երբ Արսինեն այստեղ էր, նրա անձնական կյանքի մանրամասներ էր փորձում պարզել մի արտասահմանցի լրագրող:

 

Նմանապես իրարանցումային է մեկ այլ նշանավոր հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հայտնությունը: Այս անգամ նրանք երկուսը միաժամանակ հայտնվել են այս օրերի կինոմայրաքաղաքում՝ Կաննում: Հանուն արդարության պետք է ասել, որ Կաննի կինոփառատոնի մասշտաբի միջոցառմանը թե Քարդաշյանը, թե Խանջյանը, Եվրոպայի համար բնականորեն, փոքր-ինչ զիջում են իրենց հռչակի դիրքերը. ի վերջո, Քիմը մեգահռչակավոր է ԱՄՆ-ում, իսկ Խանջյանը՝ հարգված նախևառաջ Կանադայում և Հայաստանում:

 

Սակայն նրանք, իհարկե, տարբերվում են, ոչ միայն «եվրոգոտուց» դուրս լինելու հանգամանքով: Մեկը Ատոմ Էգոանի մուսան է, մյուսը՝ ռիալիթի շոուների աստղ, որն իր հռչակով պարտական է նախևառաջ հայերի համար մինչ օրս մերժելի սկանդալին և «մարմնի գործոնին»: Չնայած Արսինեն ևս աչքի է ընկնում բավականին գրավիչ մարմնաձևերով, ինչը ցուցադրում է նաև Կաննում: Ի դեպ, Արսինեն ևս, դեռ Քարդաշյանից շատ առաջ, ամենայն «անկեղծությամբ» հանդես է եկել կինոխցիկի առաջ (մասնավորապես «Իրմա Վեպ» ֆիլմում)՝ ճիշտ է մնալով արվեստի ձևաչափում:

 

Կաննում այս աստիճան տարբեր հայուհիների համաժամանակյա ներկայությունը, առավելագույնս ընդգծում է անգամ այդ աստիճան հեղինակավոր փառատոնի ծայրահեղ բևեռային կողմերը՝ լուրջ կինոն ու կոմերցիոն գլամուրը:

 

Պաշտոնապես Քիմը Կանն էր ժամանել Փի Դիդդի զբոսանավում խնջույքի մասնակցելու համար: Սակայն նա նաև կինոյին հաղորդակցվելու առիթը բաց չթողեց. մասնավորապես այցելեց իր սիրեցյալի՝ Քանյե Ուեսթի «Դաժան ամառ» ֆիլմի պրեմիերային: Ենթադրվում է, որ դրա դիմաց Ուեսթն էլ հանդես կգա Քիմի շոուի նոր սեզոնում: Պետք է կարծել, որ Քիմը նաև այլ առաքելություն ուներ՝ մթագնել «Կաննի ֆավորիտուհի», իր նախկին մտերիմ ընկերուհի Փերիս Հիլթոնին, որը այդես էլ չի հասկանում, թե «Քիմն ինչու չի սիրում թուրքերին»: Քիմի առկայությամբ Փերիսն իսկապես, գրեթե «չի երևում»:

 

Ինչ վերաբերում է Արսինեին, ապա նա այն մարդկանց շարքում է, ովքեր Կաննում գնահատում են կինոն. նա La Cinéfondation ծրագրի ժյուրիի անդամ է: Ծրագիրը կոչված է սատարել նոր սերնդի կինոգործիչներին:

 

Արսինեն իրավամբ կարող է ասել, որ իրեն թվով ավելի շատ հայտնի տղամարդիկ են շրջապատում: Ի դեպ, ուշագրավ է, որ կարմիր գորգի վրա, մի փորք այլ, բայց ոչ պակաս ազդեցիկ տղամարդկանց հետ Արսինեի լուսանկարները ոչ պակաս սեթևեթ են ստացվել: Խոսքը ժյուրիի իր գործընկերների մասին է. բելգիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Դարդեն, բրազիլացի գրող, ռեժիսոր Քարիմ Այնուզ, ֆրանսիացի գրող, ռեժիսոր Էմանուել Կարիեր, չին կինոռեժիսոր Յու Լլիկ-Ուայ: