1 կադր, 1 րոպե, 10 տարի. Երևանում մեկնարկել է կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը (լուսանկարներ)

11:50 • 25.05.12

Երևանում սկսվել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) «Մէկ կադր, մէկ րոպե» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, որը կտևի մինչև մայիսի 31-ը:
 

Այս տարի փառատոնը հոբելյանական է. անց է կացվում արդեն 10-րդ տարին և այս ընթացքում հասցրել է դառնալ հայաստանյան կինոիրականության կարևոր բաղադրիչներից մեկը՝ շահեկանորեն տարբերվելով այլ կինոիրադարձություններից և միշտ առանձնանալով իր ձևաչափով:


Ինչպես իր բացման խոսքում ասաց ՆՓԱԿ-ի ղեկավար Էդուարդ Պալասանյանը՝ իրենք կարմիր գորգ չունեն, իրենցը տախտակ է (նկատի ունենալով ՆՓԱԿ-ի թատերական բեմը): Ինչ վերաբերում է կինոյի առանձնահատկություններին ՆՓԱԿ-ի հարկի տակ, ապա այլ է նաև կինոբովանդակությունը:

 

Կարճ ֆիլմերի փառատոնը ներկայացնում է կարճամետրաժ ֆիլմեր և իր ընդգրկումով իսկապես միջազգային է. այս տարի փառատոնի «Մէկ կադր, մէկ րոպե» անվանակարգոմ ներկայացված է 82 ֆիլմ, որից 61-ը՝ մրցութային ծրագրում: Այս անվանակարգի ժյուրին (լրագրող Ծովինար Նազարյան, արվեստագետ Սոնա Աբգարյան, ԵՀՀ ծրագրերի համակարգող Իրինա Փահլեվանյան) գլխավորում է կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը: Կա նաև «Կարճ ֆիլմեր» անվանակարգ (այս տարի 23 մասնակից ֆիլմով), որի ժյուրին (կինոտեսաբան Շահանե Յուզբաշյան, սցենարիստ, գրող Համբարձում Համբարձումյան, կինոռեժիսոր Դիանա Կարդումյան) կաշխատի գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ: «Կինո առանց սահմանի» ծրագիրը՝ մասնակից 17 ֆիլմերով, կներկայացնի փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն:


Ներկայացված ֆիլմերի աշխարհագրությունը ևս առավել քան ընդգրկուն է՝ Խորվաթիայից Արգենտինա, Հայաստանից Վենեսուելա, Ֆրանսիաց Սիրիա և այլն:

Փառատոնը համագործակցում է նար արտասահմանյան բազմաթիվ կինոփառատոների և կինոնախաձեռնությունների հետ, որոնց տեսադարաններից ևս ֆիլմեր կներկայացվեն հայ կինոսիրողին (փառատոնի առցանց ծրագրիրը՝ հետևյալ հղումով):
 

Փառատոնի օրերին նախատեսված է ոչ միայն կինոդիտումների խիտ գրաֆիկ, այլև քննարկումներ՝ ֆիլմերի հեղինակների, ժյուրիի անդամների և հանդիսատեսի միջև:


Ի սկզբանե՝ 2003-ին փառատոնը մեկնարկել էր 13 ֆիլմով, որոնք հոբելյանական 10-րդի բացմանը հետահայաց ցուցադրության կարգով ներկայացվեցին հյուրերին: Այսօր, սակայն, դրանք դիտվում էին ավելի շատ վավերագրական նյութի, խրոնիկաների պես. դրանցում արծարծված շատ խնդիրներ (բանակից մինչև պետականության հարցեր) ոչ միայն չեն կորցրել իրենց ակտուալությունը, այլև անգամ ցնցող են արտահայտչամիջոցների առուով: Իսկ պատմականորեն դրանց կինոանդրադարձերը խորհելու տեղիք կտան ոչ միայն կինոսիրողին՝ խնդիրների վաղեմության, տասնամյակի ընթացքում դրանց զարգացման և արդիականության կտրվածքներով:


Նաև Հայաստանում մեկ կադրով (առանց մոնտաժի) մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր ստեղծելու Գագիկ Ղազարէի գաղափարը խարսխվում է այն փաստին, որ առաջին կինոգործերը ունեին հենց մոտ մեկ րոպեանոց տևողություն: Ժամանակակից աշխարհի ռիթմը նոր շունչ է հաղորդել մեկ րոպեանոց ֆիլմ երևույթին՝ կինեմատոգրաֆի ստեղծումից ավելի քան մեկ դար անց: