Հ1-ը, այնուամենայնիվ, կցուցադրի՞ Եվրատեսիլ–2012-ի եզրափակիչ համերգը. հեռախոսները լռում են, կայքն էլ չի գործում
Մի քանի ժամից Բաքվում կմեկնարկի Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը։ Կհեռարձակվի այն Հայաստանում, թե ոչ դեռևս պարզ չէ։
Քանի որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել Բաքվում երգի միջազգային հեղինակավոր մրցույթին, հայաստանյան հասարակությունը մինչև վերջին պահը իրազեկված չէր՝ կհեռարձակվի՞ եզրափակիչը, թե ոչ:
Այս մասին տեղեկատվություն զետեղված չէ, ո՛չ Եվրատեսիլի հայաստանյան, ո՛չ Եվրոպական հեռարձակողների միության անդամ Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքում:
Ի դեպ, հանրային կայքն արդեն մի քանի ժամ է՝ չի գործում։ Դրա պատճառները ևս պարզել հնարավոր չեղավ։
Ի վերջո, այդ ցուցադրությունը կկայանա, թե ոչ Եվրատեսիլում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանից ճշտել մեզ չհաջողվեց, վերջինս չպատասխանեց մեր զանգերին:
Նշենք, որ մայիսի 15-ին Tert.am-ին տված հարցազրույցում Գոհար Գասպարյանը հավանական էր համարել, որ այն կցուցադրվի։ «Կարծում եմ այո, կցուցադրվի»,- ասել էր նա՝ չնշելով, թե հեռարձակելու ցանկությունը Հանրային հեռուստաընկերությանն է, թե լինելով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, պարտավոր են մրցույթը հեռարձակել, միայն ավելացրել էր, որ պարտավորություններ չունեն:
Նշենք նաև, որ Tvcuyc.am կայքում, որտեղ տեղադրվում են հայկական և միջազգային մի քանի հեռուստաալիքների ծրագրերը, այսօր Հ1 հեռուստաընկերության դիմաց ժամը 23:00 ժամի համար գրանցված է ՝«Եվրատեսիլ 2012» համերգ:
Հեռուսատաղորդավար, «Մանկական Եվրատեսիլ 2011» հայաստանյան պատվիրակության մամուլի պատասխանատու Արտակ Վարդանյանը, ով ի դեպ, մեկնաբանել է նախորդ երկու մրցույթները, նույնպես տեղյակ չէր, թե ցուցադրվելու է այն Հանրային հեռուստատեսությամբ, թե ոչ: Նա խորհուրդ տվեց զանգահարել Գոհար Գասպարյանին, և ավելացրեց, որ այլևս չի զբաղվում եվրատեսիլյան մրցույթներով:
«Եվրատեսիլ -2012»-ը վարելու են նախորդ տարվա Եվրատեսիլի հաղթող Էլդար Հասիմովը, Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Լեյլա Ալիևան և Նարգիզ Բիրկ-Պետերսենը:










