Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված են «Ոսկե ծիրանի» մասնակիցների գործերը

18:25 • 26.05.12

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հյուրը, ոմանք նույնիսկ մեկից ավելի անգամներ, այս մասին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոն մամուլի ծառայությունից։


Նրանցից են իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիբ, ով 2005թ. «Ոսկե ծիրանի» ժամանակ շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար:


Այնուհետև` 2007թ., Քիարոսթամին Երևան ժամանեց վարպետության դասեր անցկացնելու «Ոսկե ծիրան»-ի միջազգային կինոդպրոցի ուսանողների հետ, ինչի արդյունքում ստեղծվեցին մի քանի հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր հայ, վրացի և թուրք ուսանողների կողմից: 2011թ. Քիարոսթամին կրկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն էր: Այս տարի նրա «Սիրահարի պես» ֆիլմն ընդգրկված է Կաննի մրցութային ծրագրում:
 

Տասը տարվա լռությունից հետո համաշխարհային կինոյի «Խենթ երեխան»` Լեոս Կարաքսն այս տարի Կաննում ներկայացնում է իր նոր «Աստվածային շարժիչներ» ֆիլմը, որը որոշ քննադատներ համարում են հանճարեղ, ոմանք էլ` ինչպես միշտ` խելագարի ցնորք: 2007թ. «Ոսկե Ծիրան»-ը կազմակերպել է Կարաքսի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

«Ոսկե Ծիրան»-ի 2007թ. մրցանակակիրներից ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլն այս տարի նույնպես Կաննում է իր «Դրախտ. սեր» ֆիլմով:
 

Կաննում է նաև Սերգեյ Լոզնիցան, ով «Ոսկե ծիրան»-ին մասնակցել է երկու անգամ: Առաջին անգամ նա Երևան է ժամանել 2006թ.՝ որպես վավերագրող իր չափազանց հետաքրքիր «Շրջապատում» ֆիլմով:
 

Երկրորդ անգամ` 2010թ., փառատոնում ներկայացրել է իր «Իմ երջանկություն» ֆիլմը և արժանացել Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:
 

Լոզնիցայի նոր «Մշուշում» ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել Կաննում և համարվում է մրցանակի հավակնորդ: