Ֆրունզե Դովլաթյանն այսօր կդառնար 85 տարեկան
«Հայերս հիշողությունների մեջ թաղված ժողովուրդ ենք, բայց հուշարձան դարձնել այդ հիշողությունները՝ սառը, այսօրվա կյանքին ոչ մի կենսական թրթիռ չտվող, աններելի է»։ Այս խոսքերը պատկանում են հայ անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին, ով այսօր կդառնար 85 տարեկան:
Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականին Նոր Բայազետում (Կամո, այժմ Գավառ)։ Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։
Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար։ Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոնը։ Երազանքն իրականություն է դառնում և նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար՝ Արմեն Գուլակյան)։
10 տարի հետո Դովլաթյանն ընդունվեց համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը։ Կինոաշխարհում Դովլաթյանը դրսևորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ։ Նրա բոլոր հատվում են ազգային էության երեք հիմնական արժեքներ՝ սեր, հիշողություն, հայրենաբաղձություն։ Նրա անվանի ֆիլմերն են՝ «Карьера Димы Горина» (1961), «Утренние поезда» (1963), «Բարև, ես եմ» (1966), «Սարոյան եղբայրներ» (1969), «Երևանյան օրերի խրոնիկան» (1974), «Երկունք» (1977), «Ապրեցեք երկար» (1979), «Մենավոր ընկուզենի» (1987), «Կարոտ» (1990):
Արմեն Ջիգարխանյանը, ում կինոդերասանի կարիերան սկսվել է հենց Դովլաթյանի մեծ հռչակ ստացած «Բարև, ես եմ» ֆիլմում նկարահանվելով, գրել է. «Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ»,-ասաց նա։
Հենրիկ Մալյանի կարծիքով Դովլաթյանը «...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով»:










