Չի բացառվում, որ Հայաստանը ձեռք բերի Հ. Թումանյանի բնակարանի նաև երկրորդ մասը

22:58 • 28.05.12

Հնարավոր է, որ առաջիկայում Վրաստանում բնակվող մի հայ գործարարի միջոցներով գնվի Հովհաննես Թումանյանի տան երկրորդ մասը և առաջինի հետ միավորվելով՝ դառնա մշակութային կենտրոն: Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:


«Ես այս պահին լիազորված չեմ որևէ հայտարարություն անելու, որովհետև դեռ բանակցություններ են ընթանում. մարդը խոստացել է, բայց դեռ ռեալ չէ. մարդն ասել է՝ թող ընտրությունները անցնեն, այս աղմուկ-աղաղակը անցնի, նոր»,- ասաց Լևոն Անանյանը:


Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիի Սոլոլակ թաղամասում գտնվող բնակարանի երկրորդ մասի՝ երկու սենյակների սեփականատերը մեծ գրողի ծոռնուհին է՝ Ալյոնա Կոլսնիկովան, ով, Լևոն Անանյանի տեղեկացմամբ, մեծ պահանջներ չունի: Պարզապես ցանկանում է որպես փոխհատուցում սեփական անկյունն ունենալ նույն՝ Սոլոլակ թաղամասում:


Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի բնակարանի առաջին հատվածին, ապա հիմնական նորոգման աշխատանքներն արդեն իսկ ավարտին են մոտեցել, և մնացել են ևս 4-5 հազար ԱՄՆ դոլարի աշխատանքներ:


Այս մասին Լևոն Անանյանը տեղեկացել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում:


Աշխատանքներն ավարտին հասցվելուց հետո կորոշվի՝ մեծ բանաստեղծի բնակարանը հանձնվելու է Թբիլիսիի հայ համայնքի՞ն, թե՞ Վիրահայոց թեմին:


Հիշեցնենք, որ նախքան վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունները՝ Վրաստանի կրոնական փոքրամասնությունները չունեին իրավաբանական անձի կարգավիճակ և հետևաբար, գույք ու սեփականություն ունենալու իրավունք: