Հռոմում ցուցադրվում է «մահացած Բեռլուսկոնին»` ձեռքն արձակված տաբատին
Հռոմի Palazzo Ferrajoli պատկերասրահում` կառավարական Քիջի պալատի (իտալացի վարչապետների նստավայր) անմիջապես մոտակայքում, ցուցադրվում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սիլիկոնե արձանը:
Սեքս-սկանդալների արդյունքում նախորդ տարվա նոյեմբերին պաշտոնանկ արված Բեռլուսկոնին պատկերված է ապակե դագաղում պառկած, դեմքին սառած ժպիտով, նրա գլուխը դրված է ատլասե բարձին, աչքերը փակ են, ոտքերին` փափուկ հողաթափեր, գրում է Corriere della Sera թերթը:
Ստեղծագործության հեղինակներ Անտոնիո Գարուլոն ու Մարիո Օտոչենտոն իրենց աշխատանքն անվանել են «Իտալացիների երազանքը»: Ի դեպ, Գարուլոն ու Օտոչենտոն առաջին միասեռական զույգն է, որն իր ամուսնությունը գրանցել է 2002թ.-ին, Ամստերդամում:
«Մահացած Բեռլուսկոնիին» արդեն համեմատել են «սրբի» ու «Քնած գեղեցկուհու» հետ: Նրա աջ ձեռքը դրված է Իտալիայի պատմության գրքի վրա, իսկ ձախը` արձակված տաբատի «համապատասխան վայրում»:
Հեղինակները նշել են, որ նախկին վարչապետին տեղադրել են ապակե սարկոֆագի մեջ, ինչպես «Լենինը կամ Մաո Ցզեդունը»:










