Ալլա Թումանյանը կմնա Հայաստանում, եթե աշխատանքի առաջարկ ստանա

18:04 • 31.05.12

Շուրջ 20 տարի ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Ալլա Թումանյանը 12 տարի անց, այցելելով հայրենիք ու տեսնելով Արարատ լեռը, արտասվել է, միաժամանակ նկատել է, որ այլևս չկա իր հին Երևանը:


«Չկան իմ ընկերները, փոփոխվել են սիրելի վայրերը: Ես հոգեկան վատ վիճակում եմ հայտնվում, երբ տեսնում եմ հայերի ներկայիս վիճակը, ապրում են փոշու ու կեղտի մեջ (երևանյան շինհրապարակների փոշին ու կեղտը-Tert.am): Բայց ինչևէ, սա մեր Երևանն է»,-ասաց դերասանուհի Ալլա Թումանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:


Հարցին, թե արդյո՞ք, դերասանուհին չի ցանկանում Հայաստանում բնակություն հաստատել, պատասխանեց. «Երբ սկսեցի խաղալ «Կյանքի գինը» հեռուստասերիալում, այլևս չէի ցանկանում հեռանալ Հայաստանից: Չկան առաջարկներ, եթե աշխատանք լիներ, իրոք, մեծ հաճույքով կվերադառնայի Հայաստան: Բայց ԱՄՆ-ում ես էլի աշխատում եմ հայ հանդիսատեսի համար»։


Դերասանուհին ներկաներին հիշեցրեց, որ ինքը ժամանակին խաղացել է հայ ամենահայտնի ռեժիսորների ֆիլմերում, ապա նկատեց, որ թեև իրեն դեռ հիշում ու սիրում են, սակայն վերջին 17 տարիների ընթացքում ֆիլմերում խաղալու առաջարկ չի ստացել:


Ալլա Թումանյանը նաև քննադատեց այն բոլոր սերիալները, որոնք շատ երկար են ձգվում ու նաև այդ պատճառով են որակազրկվում:


«Սերիալը սկսում է մի սցենարիստ, հետո շարունակում մեկ ուրիշը, անընդհատ փոփոխության է ենթարկվում և այնքան երկար ձգվում, որ ձանձրացնում է բոլորին: Իհարկե, գիտենք, որ այն փող է բերում, բայց ես քննադատում են նման սերիալները»,- եզրափակեց դերասանուհի Ալլա Թումանյանը: