Ավանդական մասնակցություն, բարելավված արդյունքներ. հայ կինոգործիչները վերադարձել են Կաննից

16:11 • 31.05.12

Այս տարի արդեն չորրորդ անգամ հայ կինոգործիչները ներկայացել են Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Մասնակցությունը ավանդական է եղել, արդյունքները՝ բարելավված. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

 

Կինոշուկան տևել է մայիսի 16-27-ը: Այդ ընթացքում Հայկական կինոտաղավարում ներկայացվել են մեկ տասնյակ կինոնախագծեր:

 

10 օրերի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք կարևոր հանդիպումներ, որոնցից Գևորգյանը առանձնացրեց մի քանիսը: Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Էրիկ Գարանդոյի և կենտրոնի մասնագիտական խմբի հետ. 2 երկրների կինոկենտրոնների միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել: Դրա շրջանակներում հայ կինոգործիչները մասնագիտական վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համաֆինանսավորել 2 համատեղ կինոնախագիծ: Արդեն իսկ Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնը համատեղ ֆինանսավորում է Սերժ Ավետիքյանի «Փարաջանովը» և Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, սեր իմ»-ը:

 

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարը հանդիպել է նաև European Audiovisual Observatory կոչվող կառույցի ղեկավարության հետ, ինչը, ըստ Գևորգյանի, հայկական կինոյի համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի այս կառույցին առնչվող 700 մլն եվրո միջոցներով հիմնադրամ, որը սատարում է կինոարտադրությանը:

 

Հայաստանը կդառնա, ըստ ամենայնի, 39-րդ երկիրը, որը կանդամագրվի Observatory-ին: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև չին կինոգործիչների հետ: Ինչպես նաև՝ Ruscico ռուսաստանյան կինոընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել հայկական հին ֆիլմերի որակի լավացման վրա: Առաջիկայում նախատեսվում է «Զինվորն ու փիղը » ֆիլմի գունավորումը:

 

Ըստ Գևորգյանի՝ նման լավ արդյունքները պայմանավորված են եղել Հայաստանի հանդեպ այս տարի առանձնահատուկ մեծ հետաքրքրությամբ:

 

Ազգային կինոկենտրոնից բացի՝ նաև առաջին անգամ Կաննում ներկայացել են այլ հայաստանյան կինոարտադրողներ, ինչպես, օրինակ, «Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան:

 

Հետաքրքրական է, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» ֆիլմի նախագիծն էլ ներկայացվել է ռուսական կինոտաղավարում: Գալստյանի նույն նախագիծը 60 ֆիլմերի շարքում մասնակցել է նաև Կաննի EAVN BEST ծրագրին և հաղթել՝ ևս 4 նախագծերի հետ:

 

Գևորգ Գևորգյանը խոստացավ այսուհետ Կաննում ցուցադրելուց առաջ տեղական կինոնախագծերը նաև տեղի մասնագետներին ու լրագրողներին ներկայացնելու ավանդույթ ձևավորել: